• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայում ՀՀ դեսպան, ՄԱԿ ժնևյան գրասենյակում և Ժնևում տեղակայված այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը «Corriere dell’ Italianita» պարբերականին

11 նոյեմբերի, 2020
Շվեյցարիայում ՀՀ դեսպան, ՄԱԿ ժնևյան գրասենյակում և Ժնևում տեղակայված այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը «Corriere dell’ Italianita» պարբերականին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

11 նոյեմբերի 2020թ., Ժնև

Հակամարտություն առանց հույսի շողերի

ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանից հարցազրույցը վերցրել էինք նոյեմբերի 13-ից առաջ, երբ դեռ չէր հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված հրադադարի մասին: Մենք դիվանագետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը այդ փաստաթղթի վերաբերյալ: Դեսպանը նշեց, որ հայտարարությունը նպատակ է հետապնդում հաստատել զինադադար և խաղաղապահ ուժեր տեղակայել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը բացառապես քննարկման ենթակա են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

*    *   * 

Ներածություն

Լեռնային Ղարաբաղի պատերազմում մեկ ամսվա ընթացքում տարբեր գնահատականներով արդեն իսկ կան թվով շուրջ 8 հազար զոհեր։ Սա պարզապես թիվ չէ։ Սա մարդիկ են, մտքեր են, զգացմունքներ են և փոխհարաբերություններ, որ կորսվել են հավերժ։ Տեղահանված անձանց թիվը կարող է հասնել շուրջ 100 հազարի։ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարտերը ընթանում են ադրբեջանական ուժերի և հայկական զինված ուժերի միջև։ Դիվանագիտությունը ձախողվել է։ Հակամարտող երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցած հանդիպումը փաստացի որևէ համաձայնության չհանգեցրեց․ Արդյո՞ք հրադադարը երազանք է, խաղաղությունն էլ՝ ուտոպիա։ Թուրքիան և Պակիստանը բացահայտ աջակցում են Ադրբեջանին այն դեպքում, երբ ամբողջ միջազգային հանրությունը դատապարտում է պատերազմը և աղաղակում է ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Մենք հանդիպեցինք Շվեյցարիայում ՀՀ դեսպան, ՄԱԿ ժնևյան գրասենյակում և Ժնևում տեղակայված այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանին։

Հարց

Ո՞րն է Ձեր դերը և ինչ լիազորություններ ունեք երկու պատերազմող երկրների միջև բանակցություններում։

Պատասխան

Կարող է տարօրինակ հնչել, որ մեր օրերում՝ զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, Եվրոպայի ծայրամասերում ընթացող լայնածավալ պատերազմը մեծապես շարունակում է մնալ չլուսաբանված և թերընկալված։ Որպես դիվանագետ և որպես հայ, ես իմ դերը տեսնում եմ Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված վայրագ ագրեսիայի արդյունքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, աղետալի հումանիտար իրավիճակի և մարդկային տառապանքների և ողբերգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում։ Ոչ ոք չպետք է անտեսվի. յուրաքանչյուրի մարդու իրավունքները պետք է հարգված լինեն։ Սրանք չպետք է լինեն սոսկ գեղեցիկ հայտարարություններ և խոստումներ՝ արտաբերված միջազգային դերակատարների կողմից, այլ պիտի լինեն հստակ գործողություններ և հայկական դիվանագիտության նպատակներից մեկն էլ հերց դա երաշխավորելն է։ Ադրբեջանը ջանքեր չի խնայում միջազգային ներկայությունը հակամարտության գոտում կանխելու՝ այդ թվում ցանկացած միջազգային կազմակերպության ներկայացուցիչների այցերը մերժելով։ Եթե կարողանանք ապահովել միջազգային հանրության առավել մեծ ուշադրություն այս ծավալվող ողբերգության վրա, ապա դա կնպաստի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը։

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացին, ապա այն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության  (Ֆրանսիա, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ) հովանու ներքո։ Այն սահմանափակ գաղտնի ձևաչափ է, այնքանով որքանով բանակցություններն են գաղտնի, քանի որ բանակցվող խնդիրները հասկանալի պատճառներով բավականին զգայուն են բոլոր կողմերի համար։

Հարց

Ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին հակամարտող երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած վերջին ժնևյան հանդիպման արդյունքում։ Ո՞րն է Ձեր՝ հանդիպման ընդհանրական գնահատականը։

Պատասխան

Միջնորդ համանախագահների հետ երկար ժամեր տևած լարված բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվեցին զերծ մնալ քաղաքացիական և ոչ ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների միտումնավոր թիրախավորումից, ինչպես նաև փոխանակել զոհված զինծառայողների աճյունները և ռազմագերիների ցուցակները։ Նրանք նաև պայմանավորվեցին շարունակել աշխատանքները հրադադարի խախտման վերիֆիկացնող մեխանիզմների ստեղծման շուրջ։ Ադրբեջանը, չհարգելով ձեռք բերված այս պայմանավորվածությունները, ժամեր անց ռմբակոծեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի շուկան և օգտագործեց միջազգայնորեն արգելված ֆոսֆորային ռումբեր Լեռնային Ղարաբաղի անտառային ծածկույթների վրա, միտումնավոր նպատակ հետապնդելով ծավալվող հումանիտար աղետին ավելացնել նաև բնապահպանականը։ Նման գործողությունները հավասարազոր են պատերազմական հանցագործությունների։ Դրանք նաև ևս մեկ անգամ վառ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը բանակցությունների համար հուսալի և վստահելի գործընկեր չէ։

Հարց

Հավելյալ ի՞նչ կարող է անել դիվանագիտությունը այս հարցում առաջընթաց գրանցելու համար։

Պատասխան

Հավատացած եմ, որ ուժի կիրառման,  Ադրբեջանի ագրեսիայի, օտարերկրյա զինյալ ահաբեկիչների օգտագործման, ինչպես նաև Թուրքիայի ներգրավումը ուղիղ, անկեղծ և բացահայտ դատապարտելը մեծապես կնպաստի խաղախության հասատման ջանքերին։ «Երկու կողմերին» մեղադրելու վաղեմի հաստատված ավանդույթը դրդում է Ադրբեջանին շարունակել իր ռազմական արկածախնդրությունը։ Ագրեսորի և զոհի միջև չի կարող դրվել հավասարության նշան։ Մյուս կողմից Ադրբեջանի նկատմամբ սիրաշահող կեցվածքը Ադրբեջանի իշխանությունները ընկալում են որպես կույր թողտվություն իրենց վայրագ քաղաքականություն շարունակելու համար։ Միայն թիրախային դատապարտումը և քննադատումը կարող է ազդել Ադրբեջանի վրա։ Իհարկե, դա բավական չի լինի, բայց կլինի կարևոր քայլ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սա ասելով, կցանկանայի հիշեցնել, որ երբ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը Թուրքիային զգուշացրեց հնարավոր պատճամիջոցների ենթարկվելու վտանգի մասին, նախագահ Էրդողանը պարծեցավ, ասելով, որ ոչինչ չի կարող հետ պահել Թուրքիային Ադրբեջանին աջակցելուց։ Մի շարք միջազգային ընկերություններ արդեն իսկ հայտարարել են, որ չեղարկում են Թուրքիայի հետ ռազմարդյունաբերական համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական  բնակչությանը և ենթակառուցվածքներին հարվածներ հասցնող անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում։

Հարց

Ավելի քան 26 տարի հաստատված էր այսպես կոչված հրադադար, որը խախտվեց այս տարի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ կատաղի հարձակմամբ։ Պատճառը, որը առաջ է քաշում նախագահ Ալիևը, այն է, որ տարածաշրջանը պետք է վերադառնա Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, ինչը թվում է որպես ոչ այդքան էլ իրական պատճառ։ Այսպիսով, որո՞նք են պատերազմի վերսկսման իրական պատճառները։

Պատասխան

Ադրբեջանը ունի բռնապետական կառավարություն, որը չի հանդուրժում այլակարծությունը և որն ունի մարդու իրավունքների խախտման տխրահռչակ համբավ։ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել ազգայնական աջակցության ալիք Լեռնալին Ղարաբաղի պատերազմում՝ դրանով իսկ շեղելով սեփական հասարակության և միջազգային հանրության ուշադրությունը իր բռնապետական կառավարումից՝ նպատակ ունենալով երկարաձգել սեփական իշխանությունը։ Թուրքիայի աջակցությունը ռազմական ուժի, տեխնիկական միջոցների և ահաբեկիչների կիրառման համատեքստում վճռորոշ է։  Թուրքիան ունի Օսմանյան Կայսրության վերականգնման երազանք։ Թուրքիան և Ադրբեջանը, լինելով երկու բռնապետություններ, հարձակում են գործում ժողովրդավարական Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա՝ իրենց ազգայնական ֆանտազիաները իրականություն դարձնելու համար։

Հարց

Անցած տասնամյակներում երբ հնարավոր չեղավ հասնել համաձայնության, կոնկրետ ինչում կարելի է մեղադրվել Ադրբեջանին։

Պատասխան

Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ պարզապես ժամանակ էր շահում։ Այն մերժեց վերջին տասնամյակների խաղաղության բոլոր առաջարկները։ Նրանք մի կողմից ձևացնում էին, թե բանակցում են, իսկ մյուս կողմից շարունակում էին ռազմական միջոցների կուտակումը։ Ադրբեջանը ծախսեց միլիարդներ, որոնք գոյացել էին նավթային եկամուտներից, ամենաժամանակակից սպառազինությունը ձեռք բերելու համար։ Բաքուն խախտեց սպառազինության վերահսկման, ռազմական զսպման և վերիֆիկացիայի, բոլոր միջազգային և եվրոպական պայմանագրերը և համաձայնագրերը այդ թվում Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագիրը։ Նրանք երբեք ուշադրություն չեն դարձրել հակամարտության ռազմական լուծում չունենալու վերաբերյալ միջազգային կոչերին։ Վերջերս նախագահ Ալիևը պարծեցավ, որ Բաքուն ապացուցեց, որ իրականում հակամարտությունը ռազմական լուծում ունի։

Ադրբեջանի իշխանությունները համառորեն սերմանում էին հակահայ տրամադրություններ հասարակությունում։ Ադրբեջանում պետական մակարդակի հակահայկական այլատյացության առկայությունը հաստատել են միջազգային կազմակերպությունները, այդ թվում Ռասսայական խտրականության վերացման կոմիտեն, Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Հարց

Որն է Հայաստանի «մեղքը» այսքան հեռու գնացած ողբերգական հանգամանքներում:

Պատասխան

Երբ խաղաղության ջանքերը ձախողում են, սովորաբար մեղադրվում է դիվանագիությունը: Այնուամենայնիվ, այս դեպքում իմ խորհին համոզմունքն է, որ հայկական դիվանագիտությունն արեց ամեն հնարավորը խաղաղ համաձայնությունն ապահովելու համար: Ակնհայտ է, որ Արցախն ու Հայաստանը չունեին Ադրբեջանի հետ պատերազմի որևէ պատճառ, քանի որ չկար ռազմական ճանապարհով հասնելու որևէ նպատակ: Մենք մշտապես հայտնել ենք մեր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը և նույնիսկ այս սոսկալի իրավիճակում մենք շարունակում ենք պաշտպանել փոխզիջումների վրա հիմնված քաղաքական հանգուցալուծումը: Հայաստանի Վարչապետը, արտաքին գործերի նախարարը հստակ բարձրաձայնել են այս մասին:

Հարց

 Նախագահ Ալիևը հրաժարվում է համաձայնել որևէ լուծման, եթե Լեռնային Ղարաբաղը չվերադառնա Բաքվի ինքնիշխանության տակ: Ի՞նչն է հետ պահում, որպեսզի Հայաստանը համաձայնի սրան:

Պատասխան

Նախ, Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել: Հետևաբար, այստեղ Բաքվի ինքնիշխանության պահանջ չի կարող լինել:

Ադրբեջանի ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղը նվաճելն է և հայ բնակչության էթնիկ զտում իրականացնելը: Նախագահ Ալիևը դա չի թաքցնում, և ինքն է ասել, որ իրենք կուշտ են բանակցություններից, և Ադրբեջանը առաջ կգնա մինչև ամբողջ Լեռնային Ղարաբաղի օկուպացիան: Նա բառացիորեն ասել է.  «Մենք դուրս կշպրտենք հայերին այնտեղից ցանկանցած դեպքում: Նրանց հետքը չի մնա այդ հողերում»: Երբ հակառակորդի բանակին հրամցվում է այս տեսակ ատելության խոսք, զանգվածային կոտորածների և մարդկության դեմ հանցագործությունների իրական վտանգ է առաջ գալիս: Այդ իսկ պատճառով Ցեղասպանագետների միջազգային ասոցացիան և «Genocide Watch» կազմակերպությունը մատնանշել են Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում ցեղասպանության նպատակ: Կան բազմաթիվ ապացույցներ՝ լուսանկարներ, տեսանյութեր և վկայություններ, որոնք աներկբա ապացուցում են Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտումը: ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարը, Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունները հստակ ընդգծել են, որ Ադրբեջանի գործողությունները կարող են պատերազմի հանցագործություն համարվել: Այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը չի հանձնվի, քանի որ դա կնշանակի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տոտալ բնաջնջում: Լեռնային Ղարաբաղի բանակն այնտեղ ինքնապաշտպանություն է իրականացնում: Նրանք պայքարում են իրենց տների, նախնինների հայրենիքի համար, ուր ապրել են հարյուրամյակներ, ինչը նրանց ավելի շատ զորություն է տալիս, ավելի մեծ ուժ պաշտպանվելու Թուրքիայի, Արդբեջանի և ահաբեկիչների միասին վերցրած գերազանցող ուժերի դեմ կռվում: Ի վերջո, Լեռնային Ղարաբաղում միայն Ադրբեջանը չի կռվում: Մեր կարծիքով, Ադրբեջանը Թուրքիաին է զիջել իր ինքնիշխանության մի մասը,  և ներկայումս նախագահ Էրդողանն է թելադրում Ադրբեջանին, թե ինչ անել:

Հարց

Մի քանի օր առաջ, Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր Ռուսաստանի Նախագահ Պուտինին առաջարկելով նախաձեռնել քննարկումներ Հայաստանի անվտանգության ապահովման համար օժանդակության ձևը որոշելու համար: Ինչո՞ւ Ռուսաստանը դեռ չի հայտնել իր դիրքորոշումը: Ի՞նչ է սպասվում, ի՞նչ կանի Կլեմլը:

Պատասխան

Նախագահ Պուտինը սերտ կապ է պահպանում թ՛ե Հայաստանի և թ՛ե Ադրբեջանի հետ: Ռուսաստանը, որը խաղաղության հաստատման ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում, լրջորեն աշխատում է միջնորդել կողմերի միջև: Ռուսաստանը վաղուց ի վեր Հայաստանի դաշնակիցն է: Իրականում, 1997թ-ին երկու երկրները ստորագրել են իրենցից յուրաքանչյուրի դեմ ագրեսիայի դեպքում փոխադարձ աջակցության պայմանագիր: Այս պայմանագրի հիմքով՝ Հայաստանը Մոսկվայից աջակցություն է խնդրել: Մոսկվան, իր հերթին, լիովին վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը:

Հարց

Շվեյցարիայի Համադաշնությունը մեկ միլիոն շվեյցարական ֆրանկ է  տրամադրել Կարմիր Խաչին հակամարտության գոտում հումանիտար աջակցության համար: Ի՞նչ այլ միջոցներ կարող է ձեռնարկել Շվեյցարիան աջակցելու համար այսժ հակամարտության լուծմանը:

Պատասխան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղում միակ միջազգային ներկայություն ունեցող կառույցն է, և նրանք առանցքային դեր են խաղում հումանիտար հարցերում: Այդ իսկ պատճառով Հայաստանը գնահատում է ԿԽՄԿ-ին հատկացվող օժանդակությունը: Շվեյցարիան, որպես Ժնևի կոնվենցիաների հովանավոր երկիր, բարձրաձայնել է իր քննադատությունը միջազգային հումանիտար իրավունքի խախտումների նկատմամբ: Նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Շվեյցարիան միշտ հյուրընկալել է հակամարտության կողմերի միջև բանակցությունները:  

Իհարկե, մենք մեր գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի ագրեսիայի առավել հստակ և թիրախային քննադատություն: Մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը կճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք: Մենք շնորհակալ ենք Ժնևի քաղաքային խորհրդին, որը պատշաճ նախադրյալներ ստեղծեց դրա համար՝ ընդունելով համապատասխան բանաձև: Մենք հուսով ենք, որ այս քայլը կունենա իր շարունակությունը տարբեր մակարդակներում:

Հարց

Հայկական համայնքը և Ազգային խորհրդական Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը (Քրիստոնյա Դեմոկրատական Ժողովրդական կուսակցություն) բացահայտ խնդրել են բոյկոտել SOCAR-ը, Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային ընկերությունը, որը մատակարարում է Migrolino բենզալցակայանները: Կարծում եք արդյոք, որ Դաշնային Խորհուրդը կանսա այս խնդրանքին:

Պատասխան

Որոշում ընդունողը Դաշնային Խորհուրդն է և այս հարցը շվեյցարական հանրության ներքին բանավեճի մի մաս է: SOCAR-ը պետական ընկերություն է և հպանցիկ հայացքը նրա սոցիալական ցանցերին կապացուցի, որ այն անկասկած աջակցում է Արցախի ժողովրդի բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի կառավարության ագրեսիվ քաղաքականությունը և ֆինանսավորում է այդ ցեղասպան ձեռնարկը:

Հարց

Ո՞րնք են Ձեր կարծիքով լրատվամիջոցների կողմից օգտագործված կեղծիքները և հետևաբար ապակողմնորոշող տեղեկատվությունը, որը մատուցվում է լրատվամիջոցների կողմից և որոնք են այն մեխանիզմները, որ կարող են հստակեցնել այս թյուր պատկերը:

Պատասխան

Այս պատերազմի հատկանիշներից մեկը Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության և քարոզչության ահռելի քանակն է: Բաքուն նույնիսկ չի խորշում ցուցադրել Արցախի բնակելի վայրերի իր կողմից գործած ավերածությունները և փորձել ներկայացնել դրանք իբրև թե Ադրբեջանի վրա հարձակում:

Ագրեսիայից ի վեր, Ադրբեջանը արգելեց օտարերկրյա լրագրողների մուտքը հակամարտության գոտի, բացի թուրքական կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցներից: Վերջիններս կցվել էին զորքերին և հաղորդում էին առաջնագծից հարձակման սկզբից ի վեր, որը ևս մեկ ապացույց է, որ ագրեսիան նախապես ծրագրված էր՝ պաշտոնական Անկարայի ակտիվ մասնակցությամբ:

Ադրբեջանը միշտ եղել է խոսքի ազատության տխրահռչակ ոտնահարող: Ագրեսիայի առաջին իսկ օրվանից Ադրբեջանն արգելեց սոցիալական մեդիայի աշխատանքն իր տարածքում: Հայաստանն, ընդհակառակը, ինտերնետում լիակատար ազատություն ունեցող երկրների տասնյակում է:

Ադրբեջանը ուժգին գրաքննություն է ենթարկում հակամարտության գոտուց եկող տեղեկատվությունը: Միջազգային լրատվամիջոցների և ազատ տեղական մամուլի բացակայության պայմաններում Բաքուն տարածում է ուռճացված քարոզչություն, ապատեղեկատվություն և անհիման մեղադրանքներ:

https://corriereitalianita.ch/un-conflitto-senza-spiragli-di-luce/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: